Պրեմիեր Լիգայի 31-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կկայանա Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում, ուր «Արսենալը» կհյուրընկալի «Լիվերպուլին»:
Առաջնության վերջին տուրերից առաջ երկու թիմերն էլ նոր թափ են հավաքել և շարունակում են պայքարը մրցանակային տեղերի համար: Եթե «Լիվերպուլի» նպատակը Չեմպիոնների Լիգայի գոտում տեղ գտնելն է, ապա «Արսենալն» անգամ կարող է միջամտել չեմպիոնական պայքարին: «Զինագործներն» ընդամենը 7 միավոր են զիջում առաջատար «Չելսիին»:
Նախորդ ամսվա արդյունքներով Պրեմիեր Լիգայի լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Օլիվյե Ժիրուն և լավագույն մարզիչ Արսեն Վենգերը կփորձեն այս խաղով շարունակել իրենց հաղթանակների շարքը: Որոշակի կադրային խնդիրներ կան «Լիվերպուլում», որի առաջատար մի շարք ֆուտբոլիստներ հավաքականների խաղերից վնասվածքներով են վերադարձել:
Այս երկու գրանդներն ընդհանուր առմամբ հանդիպել են 217 անգամ և առավելությունը մերսիսայդցիների կողմն է, ովքեր հաղթել են միմյանց միջև կայացած խաղերից 83-ում, 77 անգամ ուժեղ է գտնվել լոնդոնյան ակումբը, իսկ 57 խաղում գրանցվել է խաղաղ ելք:
Խաղը տեղի կունենա այսօր, Երևանի ժամանակով 15:45-ին:
Մեր կանխատեսումը՝ 2:1