Իտալացի հարձակվող Մարիո Բալոտելլին քննարկում է ունեցել «Լիվերպուլի» մարզչական շտաբի հետ, որի արդյունքում կողմերը որոշել են, որ ֆուտբոլիստը հաջորդ մրցաշրջանում նույնպես կպաշտպանի «կարմիրների» գույները:
Մերսիսայդյան ակումբի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը երբեք չի թաքցրել, որ ամռանը Մարիոյի համար «Միլանին» 16 մլն վճարելը ռիսկային քայլ էր և ինքը գիտակցաբար է գնացել այդ քայլին:
Ավելի քան ակնհայտ է, որ այդ ռիսկն արդարացված չէր: Ողջ մրցաշրջանի ընթացքում Բալոտելլին ընդամենը 4 գոլ է խփել: Թերթերը նաև նշում են, որ Մարիոն վատ ազդեցություն է ունենում թիմի ներքին մթնոլորտի վրա:
Սակայն 24-ամյա իտալացին չի հեռանա «Էնֆիլդից»: Այժմ Բալոտելլին կարող է հանգիստ պատրաստվել հաջորդ մրցաշրջանին:
-Ո՛չ, մենք քննարկում ենք ունեցել «Լիվերպուլի» հետ, և նա հաստատ մնում է: Կարծում եմ՝ Մարիոն հարմարվել է: Ես չեմ կարող խոսել Բրենդան Ռոջերսի անունից, սակայն ինձ թվում է, որ բոլոր խնդիրներն անցյալում են,- ասել է ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան: Sky Sports