«Մանչեսթեր Սիթին» պաշտոնապես հայտնել է «Լիվերպուլի» վինգեր Ռահիմ Ստերլինգին գնելու մասին: Գործարքը «քաղաքայինների» համար արժեցել է 49 մլն ֆունտ:
Հիշեցնենք, որ Ստերլինգի ապագայի հետ կապված ոդիսականը սկսվեց այն պահին, երբ 20-ամյա անգլիացին հրաժարվեց երկարաձգել պայմանագիրը «կարմիրների» հետ, որը լրանալու էր 2017 թվականին: Լուրերի համաձայն, Ռահիմն ակումբից շաբաթական 150 հզր ֆունտ աշխատավարձ էր պահանջել, սակայն հետո BBC-ին տված հարցազրույցում հայտնել էր, որ իր համար կարևորը ֆուտբոլն է:
Այդ ամենն իմանալով՝ «Սիթին» Ստերլինգին դարձրեց իր գլխավոր տրանսֆերային նպատակը: Անձամբ ֆուտբոլիստն էլ չէր թաքցնում, որ ցանկանում էր տեղափոխվել «Էթիհադ»:
Տրանսֆերային արժեքի համաձայնեցնելու երկու անհաջող փորձից հետո «Սիթին» կենտրոնացրեց իր ուժերը և կարողացավ 49 մլն ֆունտով ձեռք բերել Անգլիայի ազգային հավաքականի վինգերին:
Այսօր Ռահիմը բուժզննում անցավ Մանչեսթերում և հինգ տարվա պայմանագիր ստորագրեց իր նոր ակումբի հետ: Լուրերի համաձայն, «Սիթիում» Ստերլինգը կվաստակի շաբաթական 180 հզր ֆունտ:
-Ստերլինգը համաշխարհային ֆուտբոլի լավագույն հարձակվողական ոճի ֆուտբոլիստներից է, և մենք շատ ուրախ ենք, որ նա միացավ մեր թիմին: Նա երիտասարդ է, տաղանադավոր, և ես վստահ եմ, որ «Սիթիի» երկրպագուները նրա խաղից հաճույք կստանան,- ասել է «քաղաքայինների» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին:
Ավելացնենք, որ «Էթիհադում» Ստերլինգը հանդես կգա 7 համարի մարզաշապիկով: Առաջիկա 24 ժամվա ընթացքում նա կմեկնի Ավստրալիա, որտեղ իր թիմակիցներն անցկացնում են մինչմրցաշրջանային մարզումներ: