«Մանչեսթեր Սիթին» պաշտոնապես հայտնել է «Աստոն Վիլլայի» ավագ Ֆաբիան Դելֆին գնելու մասին: Գործարքն արժեցել է 8 մլն ֆունտ:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ «քաղայաքայինները» համաձայնեցրել էին 25-ամյա Դելֆի տրանսֆերը, սակայն վերջին պահին անգլիացին փոխեց իր որոշումը: Ֆաբիանը հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ, որում «Աստոն Վիլլայի» երկրպագուներին տեղեկացնում էր հաջորդ մրցաշրջանը բիրմինգհեմյան ակումբում անցկացնելու մասին:
Սակայն այս ընթացքում Դելֆը երկար է մտածել և այնուամենայնիվ որոշեց տեղափոխվել «Էթիհադ»: Այսօր Ֆաբիանը բուժզննում է անցել «Սիթիում», որի հետ հինգ տարվա պայմանագիր է ստորագրել:
-Ֆաբիանը հիանալի ֆուտբոլիստ է, նա Պրեմիեր Լիգայի լավագույն կիսապաշտպաններից է, և ես անհամբեր սպասում եմ նրա հետ աշխատելուն,- ասել է «քաղաքայինների» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին:
Ավելացնենք, որ նոր ակումբում Դելֆը հանդես կգա 18 համարի մարզաշապիկով, որը նախորդ մրցաշրջանում պատկանում էր Ֆրենկ Լեմպարդին: