«Մանչեսթեր Յունայթեդը» հաստատել է իր կիսապաշտպան Անխել Դի Մարիայի վաճառքը ՊՍԺ-ին: Գործարքի արժեքը գնահատվում է 45 մլն ֆունտ:
Հիշեցնենք, որ Դի Մարիան «Օլդ Թրաֆորդ» տեղափոխվեց անցած ամառ «Ռեալից»: 2013/14 մրցաշրջանի լավագույն ֆուտոլիստներից մեկին ունենալու համար «կարմիր սատանաները» թարմացրին Պրեմիեր Լիգայի տրանսֆերային ռեկորդը՝ ծախսելով մոտ 60 մլն ֆունտ:
Սկզբնական մի քանի խաղերում Անխելը տպավորիչ ելույթներ ունեցավ, սակայն աստիճանաբար կորցրեց վստահությունը «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալի մոտ:
Այդպես էլ չկարողանալով հարմարվել վան Գալի փիլիսոփայությանը, այս ամռանը Դի Մարիան խնդրեց իրեն բաց թողնել ՊՍԺ: Եվ ոչ երկար բանակցություններից հետո այսօր Անխելը պաշտոնապես դարձավ ֆրանսիական ակումբի ֆուտբոլիստ՝ չորս տարվա պայմանագիր ստորագրելով իր նոր ակումբի հետ: