«Մանչեսթեր Յունայթեդը» համաշխարհային տրանսֆերային նոր ռեկորդ սահմանեց՝ 89 մլն ֆունտով գնելով «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբային։
Ընդամենը 4 տարի առաջ չստանալով «Յունայթեդի» առաջին թիմում խաղալու հնարավորություն և չտպավորելով Սէր Ալեքս Ֆերգյուսոնին՝ Պոլն ազատ գործակալի կարգավիճակով լքեց «Օլդ Թրաֆորդը»։ «Յուվենտուսում» Պոգբան մեծ առաջընթաց ունեցավ և այժմ Մանչեսթեր է վերադարձել որպես աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստ։
Երկուշաբթի օրը «կարմիր սատանաների» բազայում բուժզննում անցնելուց հետո Ֆրանսիայի հավաքականի 23-ամյա ֆուտբոլիստը 5 տարվա պայմանագիր ստորագրեց, որն ունի այն 12 ամսով երկարաձգելու հնարավորություն։
Թուրինում Պոգբան անցկացրել է չորս մրցաշրջան, որտեղ մասնակցել է 124 հանդիպման՝ դառնալով 28 գոլի հեղինակ։ «Յուվենտուսի» հետ նա չորս անգամ դարձել է Սերիա Ա-ի չեմպիոն և երկու անգամ՝ Իտալիայի գավաթակիր։
-Ես ուրախ եմ «Յունայթեդ» վերադառնալու համար։ Այս ակումբը միշտ իր տեղն է ունեցել իմ սրտում, և ես անհամբերությամբ սպասում եմ Ժոզե Մոուրինյոյի հետ աշխատելուն,- ասել է Պոգբան։