«Լիվերպուլի» վինգեր Մոհամեդ Սալահը և «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ճանաչվել են Պրեմիեր Լիգայի նոյեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ և լավագույն մարզիչ, համապատասխանաբար։
Նախորդ ամիս Սալահն իր անվան դիմաց 7 գոլ գրանցեց Պրեմիեր Լիգայում։ Ամռանը «Լիվերպուլ» տեղափոխված եգիպտացին գոլի հեղինակ դարձավ «Վեստ Հեմի», «Սաութհեմպտոնի», «Չելսիի» և «Ստոկ Սիթիի» դեմ խաղերում։
Նույնքան հաջողված էր նախորդ ամիսը նաև Գվարդիոլայի և իր «Սիթիի» համար։ Նոյեմբերին «քաղաքայինները» հաղթեցին «Արսենալին», «Լեսթեր Սիթիին», «Հադերսֆիլդին» և «Սաութհեմպտոնին»։
Պեպի համար սա երրորդ անընդմեջ մրցանակն էր ընթացիկ մրցաշրջանում։ Նախկինում նման հաջողության հասել է միայն «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն։
Իսկ ամսվա լավագույն գոլի հեղինակ է դարձել «Էվերթոնի» հարձակվող Ուեյն Ռունին։ «Վեստ Հեմի» դեմ տնային խաղում Ուեյնը փառահեղ գոլի հեղինակ դարձավ։