«Էվերթոնն» ընդունել է «Նյուքասլի» առաջարկը հարձակվող Էնթոնի Գորդոնի տրանսֆերի համար:
Հիշեցնենք, որ այս շաբաթվա սկզբից Գորդոնը հրաժարվում էր մարզվել «Էվերթոնի» հետ և պահանջում էր իրեն թույլ տալ գնալ «Նյուքասլ»:
Գորդոնի նման վճռական վերաբերմունքը ստիպեց «Էվերթոնին» գնալ զիջումների։ Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, «իրիսները» ի վերջո համաձայնվել են Էնթոնիին թույլ տալ գնալ «Նյուքասլ»՝ 40 միլիոն ֆունտ ստեռլինգ գումարած 5 միլիոն ֆունտ բոնուսների դիմաց:
Այսպիսով, այժմ 21 ամյա անգլիացին մեկնում է երկրի հյուսիս-արևելք՝ բուժզննում անցնելու և անձնական պայմանագրի պայմանները քննարկելու համար։
«Նյուքասլի» գլխավոր մարզիչ Էդդի Հաուն Գորդոնին տեսնում է որպես ունիվերսալ խաղացող, որը կարող է գործել հարձակման գծի մի քանի դիրքերում: Էնթոնին պետք է օգնի «կաչաղակներին» մրցաշրջանի երկրորդ կեսում Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար պայքարում։
Բացի այդ, Գորդոնը անցյալ ամառ «Չելսիի» նախկին մարզիչ Թոմաս Տուխելի հիմնական տրանսֆերային նպատակներից մեկն էր, և «ազնվականները» պատրաստ էին Էնթոնիի համար վճարել 60 միլիոն ֆունտ, սակայն «իրիսները» չեղարկեցին գործարքը: