«Վուլվերհեմպտոնի» գլխավոր մարզիչ Խուլեն Լոպատեգին մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ ակումբից։
Լոպետեգին մարզում է «գայլերին» նոյեմբերից, երբ «Վուլվերհեմպտոնը» գտնվում էր վերջին տեղում Պրեմիեր լիգայում:
Խուլենը վստահորեն դիմագրավեց Պրեմիեր լիգայում գոյատևելու մարտահրավերին՝ հաղթելով լիգայի իր 22 հանդիպումներից իննում։ Մրցաշրջանի ավարտից առաջ Մոլինյուի ակումբը զբաղեցնում է հարմարավետ 13-րդ տեղը։
Ինչպես հաղորդում է BBC-ն, Լոպատեգին միայն վերջերս է իմացել, որ «Վուլվերհեմպտոնը» ֆինանսական ֆեյր-փլեյի հետ կապված խնդիրներ ունի, որը կարող է սահմանափակել «գայլերի» բյուջեն այս ամառ թիմում ներդրումներ կատարելու համար:
Լոպատեգին անհանգստանում է, որ ռեսուրսներ չի ունենա լուրջ հավակնություններով թիմ կառուցելու համար, ինչը կարող է 56 ամյա իսպանացուն մղել ակումբից հեռանալուն։
Սպասվում է, որ այս շաբաթ Լոպատեգին բանակցություններ կվարի «Վուլվերհեմպտոնի» ղեկավարների հետ, և դա կօգնի Խուլենին հստակեցնել իր ապագան:
Ավելացնենք, որ «գայլերին» սպառնում է նաև մի շարք խաղացողների կորուստը, այդ ֆուտբոլիստների թվում են Ռուբեն Նևիշը, Ռաուլ Խիմենեսը, Դանիել Պոդենսեն և Ռայան Այտ-Նուրին: