«Չելսիի» կիսապաշտպան Մեյսոն Մաունտը համաձայնեցրել է անձնական պայմանագրի կետերը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։
Անցած ամիսների ընթացքում «Չելսին» անհաջող փորձեր ձեռնարկեց համոզելու Մաունտին երկարաձգել իր ավարտվող պայմանագիրը, սակայն նույնիսկ ակումբի համասեփականատեր Թոդ Բելիի միջամտությունը բավարար չեղավ Մաունտին պահելու համար։
Այս պահին կասկած չկա, որ Մաունտն այս ամառ կլքի Սթեմֆորդ Բրիջը։ Նախկինում Մեյսոնի ծառայություններով հետաքրքրված էին «Արսենալը», «Լիվերպուլը» և «Նյուքասլը», բայց կարծես թե 24 ամյա Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստը կարիերան կշարունակի «Յունայթեդում»:
Ինչպես հայտնում է The Telegraph-ը, Մաունտն արդեն համաձայնության է եկել «Յունայթեդի» հետ, իսկ «կարմիր սատանաների» հաջորդ քայլը Մեյսոնի համար «Չելսիին» առաջարկ անելն է։
«Յունայթեդի» մարզիչ Էրիկ Տեն Հագն ի սկզբանե վստահ էր, որ կարող է Մաունտին հրապուրել, և Մեյսոնը ի վերջո համաձայնեց միանալ «կարմիր սատանաներին»: Այժմ ամեն ինչ կախված է երկու ակումբների միջև փոխզիջման հասնելուց։