«Վեստ Հեմի» նախագահ Դևիդ Սալիվանը հաստատել է, որ կիսապաշտպան Դեքլան Ռայսը ամռանը կլքի ակումբը:
Ռայսը հանդիսանում է «Արսենալի», «Մանչեսթեր Յունայթեդի» և «Բավարիայի» տրանսֆերային նպատակներից մեկը, իսկ «Վեստ Հեմը» այլևս չի ցանկանում պահել իր թիմի ավագին:
«Մուրճերը» հարգում են Ռայսի հավակնությունները և նաև գիտակցում են այն փաստը, որ Դեքլանը նախկինում մերժել է նոր պայմանագիր ստորագրելու ակումբի առաջարկը:
Այսպիսով, նախօրեին Կորնֆերենս լիգայի եզրափակչում «Ֆիորենտինայի» նկատմամբ 2:1 հաշվով տարած հաղթանակը կմնա 24 ամյա անգլիացու վերջին հանդիպումը «Վեստ Հեմի» մարզահագուստով։
«Արդյո՞ք դա նրա վերջին հանդիպումն էր «Վեստ Հեմի» կազմում։ Կարծում եմ՝ այո։ Մենք նրան խոստացել ենք, որ նա կարող է հեռանալ»։
«Նա որոշել է հեռանալ: Իր ժամանակին նա պետք է հեռանա, և մենք պետք է փոխարինող գտնենք»:
«Դա այն չէ, ինչ մենք կցանկանայինք: 18 ամիս առաջ մենք նրան առաջարկեցինք շաբաթական 200.000 ֆունտ, իսկ նա մերժեց այն: Դուք չեք կարող պահել խաղացողին, ով չի ցանկանում լինել ձեր կազմում»:
«Կարծում եմ, որ հինգշաբթի օրվանից սկսած կլինեն առաջարկներ: Երեք կամ չորս ակումբներ հետաքրքրություն են ցուցաբերում, բայց «Վեստ Հեմի» նկատմամբ հարգանքից ելնելով, նրանք խաղացողներին առաջարկներ դեռ չեն անում, քանի մենք դեռ խաղում ենք»,- talkSPORT-ին ասել է Սալիվանը: