«Լիվերպուլը» հաստատել է «ՌԲ Լեյպցիգի» կիսապաշտպան Դոմինիկ Սոբոսլայի տեղափոխությունը:
Սոբոսլայը հնգամյա պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» հետ և կխաղա Յուրգեն Կլոպի թիմում 8-րդ համարի մարզաշապիկով, որով 11 մրցաշրջան հանդես է եկել լեգենդար Սթիվեն Ջերարդը։
Սոբոսլային ձեռք բերելու համար «Լիվերպուլը» կվճարի 70 միլիոն եվրո (60 միլիոն ֆունտ ստերլինգ), որը 22 ամյա հունգարացի ֆուտբոլիստի պայմանագրի մեջ ներառված ազատման կետի չափն է:
Այսպիսով, Սոբոսլայը դարձավ այս ամառ «Լիվերպուլի» երկրորդ ձեռքբերումը, «Բրայթոնից» հրավիրված կիսապաշտպան Ալեքսիս Մաքալիստերից հետո։
Այս ամառ Սոբոսլայի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերել նաև «Նյուքասլը», սակայն «կաչաղակները» չեն համարձակվել վճարել այդքան գումար, ինչքան նշված է եղել Դոմինիկի պայմանագրում, իսկ ինքը՝ խաղացողը, հստակ ցանկություն է հայտնել միանալ «Լիվերպուլին»:
Սոբոսլայը ավստրիական «Ռեդ Բուլի» ակադեմիայի շրջանավարտ է։ «ՌԲ Լայպցիգում» Դոմինիկը անցկացրել է երկուսուկես մրցաշրջան՝ 91 խաղում դառնալով 20 գոլի և 22 գոլային փոխանցման հեղինակ։
«Վերջին երեք-չորս օրերը շատ երկար էին: Հեշտ չէր: Բայց ի վերջո ես այստեղ եմ, երջանիկ եմ և չեմ կարող սպասել, թե երբ եմ սկսելու մարզվել ու խաղալ այս թիմի հետ»:
«Սա պատմություն ունեցող ակումբ է, կան շատ լավ խաղացողներ, լավ մարզիչ: Այստեղ ամեն ինչ լավն է: Այսպիսի ակումբն ինձ համար կատարյալ է: Երկրպագուները, մարզադաշտը, այստեղ ամեն ինչ շատ լավն է»,- ասել է Սոբոսլայը: