Դարպասապահ Դավիդ Դե Խեան հայտարարել է, որ վերջնականապես հեռանում է «Մանչեսթեր Յունայթեդից»։
Ինչպես հայտնի է, Դե Խեայի պայմանագիրն ավարտվում էր հունիսի վերջին։ Դավիդը այդպես էլ նոր պայմանագրի չկնքեց «Յունայթեդի» հետ, չնայած կողմերը մի քանի ամիս է, ինչ բանակցություններ են վարում դրա վերաբերյալ։
«Յունայթեդը» այժմ գտնվում է «Ինտերի» դարպասապահ Անդրե Օնանայի հետ պայմանագիր կնքելու շեմին, ինչը կբացառի Դե Խեայի վերադարձը Օլդ Թրաֆորդ: Իսկ այսօր 32 ամյա իսպանացին անձամբ է հաստատել այդ նորությունը։
«Ես պարզապես ուզում էի այս հրաժեշտի ուղերձը հղել «Մանչեսթեր Յունայթեդի» բոլոր երկրպագուներին: Ցանկանում եմ հայտնել իմ երախտապարտությունը ու երախտագիտությունը ձեր սիրո համար վերջին 12 տարիների ընթացքում»:
«Մենք շատ բանի ենք հասել այն պահից, երբ իմ սիրելի սէր Ալեքս Ֆերգյուսոնն ինձ այս ակումբ հրավիրեց: Ես ամեն անգամ անհավատալի հպարտությամբ եմ հագել այս մարզաշապիկը»:
«Երբ ես հեռացա Մադրիդից որպես երիտասարդ ու անփորձ ֆուտբոլիստ, չէի կարող անգամ մտածել, որ մենք միասին կհասնենք նրան, ինչին հասել ենք: Հիմա ճիշտ ժամանակն է նոր մարտահրավերների մասին մտածելու»:
«Մանչեսթերը միշտ կմնա իմ սրտում, Մանչեսթերը ձևավորեց ինձ և երբեք չի լքի ինձ: Մենք միասին ենք տեսել այդ ամենը»,- գրել է Դե Խեան սոցցանցերում։
Բացի այդ, «Յունայթեդում» 12 մրցաշրջանի ընթացքում Դե Խեան հաղթել է Պրեմիեր լիգան, Անգլիայի գավաթը, Լիգայի երկու գավաթ և Եվրոպայի լիգան: