«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագի հետ բանակցություններից հետո եզրային հարձակվող Ջեյդոն Սանչոն պատրաստվում է հեռանալ ակումբից:
Սանչոն վտանգեց իր ապագան «Յունայթեդում» այն բանից հետո, երբ հերքեց Տեն Հագի պնդումները, թե Ջեյդոնը դուրս է մնացել Պրեմիեր լիգայի «Արսենալի» դեմ խաղի հայտացուցակից՝ մարզումների ժամանակ վատ խաղի պատճառով:
Ինչպես հայտնում է Daily Star-ը, երկուշաբթի օրը Տեն Հագն ու Սանչոն հանդիպել են Քարինգթոնի մարզաբազայում, սակայն կողմերին չի հաջողվել լուծել տարաձայնությունները։
Այժմ սպասվում է, որ 23 ամյա անգլիացին վարձավճարով կգործուղղվի հունվարին, նախքան հաջորդ ամառ վերջնականապես հեռանալը «Յունայթեդից»:
2021 թվականի ամռանը Դորտմունդի «Բորուսիայից» 73 միլիոն ֆունտով տեղափոխվելուց հետո Սանչոն «Յունայթեդի» կազմում անցկացրած 82 խաղում դարձել է ընդամենը 12 գոլի հեղինակ։