Պաշտպան Հարի Մագուայրը վնասվածքի պատճառով «Մանչեսթեր Յունայթեդի» հետ չի մեկնել Մյունխեն Չեմպիոնների լիգայի «Բավարիայի» դեմ հանդիպմանը։
Անցած շաբաթ «Յունայթեդը» երրորդ պարտությունը կրեց Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանի առաջին հինգ հանդիպումներում՝ սեփական հարկի տակ 1-3 հաշվով պարտվելով «Բրայթոնին»։
Որոշ երկրպագուներ սպասում էին, որ Էրիկ Տեն Հագը հնարավորություն կտա Մագուայերին մրցաշրջանի այսպիսի վատ մեկնարկից հետո, բայց եթե նույնիսկ «Յունայթեդի» մարզիչը նման մտքեր ունենար, նա չի կարողանա դա անել չորեքշաբթի երեկոյան «Բավարիայի» դեմ խաղում:
Բանն այն է, որ 30 ամյա անգլիացին վնասվածք է ստացել, որի բնույթն Օլդ Թրաֆորդը ներկայացնող ակումբը դեռ չի հայտնել։
Պաշտպան Ռաֆայել Վարանը և կիսապաշտպան Մեյսոն Մաունտը նույնպես կբացակայեն Մյունխեն ուղևորությունից, չնայած երկուսն էլ մարզվել են երեքշաբթի օրը: Ըստ ամենայնի, նրանց դեռ ժամանակ է պետք մարզավիճակ ձեռք բերելու համար։