«Վեստ Հեմը» հայտարարել է, որ նոր պայմանագիր է կնքել եզրային Ջարոդ Բոենի հետ, որը նախատեսված է մինչև 2030 թվականը։
Բոենը հաստատվել է որպես «Վեստ Հեմի» առանցքային խաղացող՝ 2020 թվականի հունվարին «Հալլից» 25 միլիոն ֆունտով տեղափոխվելուց հետո:
Անցած մրցաշրջանում Ջարոդը խփեց «մրճահարների» հաղթական գոլը Կոնֆերենց լիգայի եզրափակչում՝ «Ֆիորենտինայի» դեմ և լավ մեկնարկեց նոր մրցաշրջանը՝ 9 խաղում դառնալով 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:
Նախկինում մամուլը հայտնում էր, որ Բոենի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերվում «Լիվերպուլից» և «Նյուքասլից», սակայն 26 ամյա անգլիացին որոշել է իր կարիերայի լավագույն տարիները նվիրել «Վեստ Հեմին»:
«Ես շատ գոհ եմ, որ նոր երկարաժամկետ պայմանագիր եմ կնքել «Վեստ Հեմի» հետ: Բոլորը գիտեն, թե ինչ է նշանակում այս ակումբն ինձ համար, ուստի այն փաստը, որ ես իմ ապագան եմ նվիրել մինչև 2030 թվականը, շատ բան է նշանակում ինձ և իմ ընտանիքի համար»:
«Ես վայելում եմ այստեղ անցկացրած իմ յուրաքանչյուր րոպեն: Պրահայում Կոնֆերանս լիգայում հաղթելը հրաշալի պահ էր, և վերջին րոպեին հաղթական գոլը միշտ ինձ հետ կլինի»:
«Այժմ մենք ցանկանում ենք կրկին ու կրկին զգալ այդ զգացումը։ Մենք ցանկանում ենք միասին ավելի շատ հիշողություններ ստեղծել մեր հիանալի երկրպագուների և այս հիանալի ակումբի համար», – ասել է Բոենը:
Հավելենք, որ ընդհանուր առմամբ Բոենը «Վեստ Հեմի» կազմում անցկացրած 167 խաղում կատարել է 78 արդյունավետ գործողություն։