«Արսենալի» ավագ Մարտին Էդեգորը բաց թողեց իր ակումբի վերջին երեք հանդիպումները մարզման ժամանակ տեղի ունեցած միջադեպի պատճառով:
24 ամյա Էդեգորը չի կարողացել օգնել «Արսենալին» Պրեմիեր լիգայի շրջանակներում կայացած «Նյուքասլի» և «Բերնլիի» դեմ խաղերում, ինչպես նաև «Սևիլիայի» դեմ խաղում։
Սկզբում կարծում էին, որ Մարտինի բացակայության պատճառը ազդրի վնասվածքն է, սակայն Daily Mail-ին հայտնի է դարձել, որ Սենտ Ջեյմս Պարկ մեկնելուց առաջ նորվեգացի կիսապաշտպանը գնդակով հարված է ստացել դեմքին:
Հարվածն այնքան ուժեղ է եղել, որ «Արսենալը» ստիպված է եղել ներկայացնել արձանագրություն՝ ուղեղի ցնցման կասկածի վերաբերյալ: Այս արձանագրության մեջ նշվում է, որ խաղացողը պետք է վեց օր հանգիստ ստանա, որից հետո նա կարող է վերադառնալ մարզումներին միայն այն դեպքում, երբ նրա մոտ ախտանիշներ չհայտնաբերվեն:
Էդեգորը չկարողացավ վերականգնվել վեց օրում, ուստի նա ոչ միայն բաց թողեց անցած շաբաթ օրը «Բերնլիի» նկատմամբ 3:1 հաշվով տարած հաղթանակը, այլև ստիպված եղավ հրաժարվել Նորվեգիայի ազգային հավաքական մեկնելուց, որը դեռևս պայքարում է Եվրո 2024-ի ուղեգիր նվաճելու համար:
Այնուամենայնիվ, սպասվում է, որ էդեգորը ժամանակին կլուծի իր առողջական բոլոր խնդիրները նոյեմբերի 25-ին կայանալիք «Բրենթֆորդի» դեմ արտագնա խաղին մասնակցելու համար: