«Լիվերպուլի» պաշտպան Թրենթ Ալեքսանդր-Առնոլդը ծնկի վնասվածքի պատճառով բաց կթողնի մի քանի շաբաթ։
Ալեքսանդր-Առնոլդը վնասել է ծունկը անցյալ կիրակի «Արսենալի» դեմ Անգլիայի գավաթի շրջանակներում կայացած խաղում (2:0):
Առաջին հանդիպումը, որը 25 ամյա ֆուտբոլիստը բաց կթողնի, Լիգայի գավաթի կիսաեզրափակիչն է «Ֆուլհեմի» դեմ:
«Վերջին հանդիպման ժամանակ Թրենթը չափազանց բարձր բարձրացրեց իր ծունկը, ինչի պատճառով էլ կողային կապանի մի փոքր վնասվածք ստացավ և որոշ ժամանակ կպահանջվի նրա վերականգնման համար: Նա արդեն հետազոտվել է և առաջիկա մի քանի շաբաթը չի կարողանա օգնել թիմին:
Դա մեծ կորուստ է մեզ համար, նա մեր ամենակարևոր խաղացողներից մեկն է: Նույնիսկ ամենավատ պահերին նա կարողանում է գնդակները հասցնել այնտեղ, որտեղ պետք է:
Մենք պետք է նոր դինամիկա փնտրենք, քանի որ նրա ներկայությունը մեզ ճկունություն է տալիս, բայց հուսով եմ, որ նրա բացակայությունը կտևի ընդամենը երեք շաբաթ», – «Լիվերպուլի» գլխավոր մարզչի օգնական Պեպ Լինդերսի խոսքերն է մեջբերում BBC-ն։
Հետևաբար, Թրենթը բաց կթողնի Լիգայի գավաթի կիսաեզրափակիչները «Ֆուլհեմի» դեմ, «Բորնմուտի» դեմ արտագնա հանդիպումը Պրեմիեր լիգայում և Անգլիայի գավաթի 4-րդ տուրի՝ «Նորվիչի» կամ «Բրիսթոլ Ռովերսի» դեմ խաղը: Պաշտպանի մասնակցությունը «Չելսիի» հետ հունվարի 31-ին կայանալիք դիմակայությանը հարցականի տակ է։