«Նյուքասլը» պաշտոնապես հայտարարեց «Բորդոյի» 26-ամյա հարձակվող Յոան Գուֆրանին ձեռք բերելու մասին: Գործարքը գնահատվում է մոտ 1.4 մլն ֆունտ: Ֆուտբոլիստը կնքել է պայմանագիր 4.5 տարի ժամկետով, իսկ «Նյուքասլում» խաղալու է պատվավոր 11 համարով:
Տրանսֆերային արժեքի այսքան ցածր լինելը բացատրվում է այն հանգամանքով, որ Ֆրանսիայի երիտասարդական հավաքականի նախկին խաղացողի պայմանագիրը «Բորդոյի» հետ լրանում է այս մրցաշրջանի ավարտից հետո: «Նյուքասլը», չսպասելով ամռանը, խելացի փոխհատուցման շնորհիվ համաձայնեցրեց գործարքն արդեն հիմա:
Գուֆրանը «Նյուքասլի» երրորդ ձեռքբերումն է հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ: Մինչ այդ ակումբը գնել էր Մաթյո Դեբյուշիին և Մապու Յանգա-Մբիվային, որոնք նույնպես ֆրանսիացիներ են:
-Մենք ձեռք բերեցինք էլիտար ֆուտբոլիստի, և նա, ինչպես նաև մեր այս ամսվա մյուս նորեկները, զգալիորեն կուժեղացնեն թիմի կազմը: Նա ինձ դուր եկավ «Բորդոյում» անցկացրած ընթացիկ մրցաշրջանի հանդիպումների ժամանակ: Նա արագ է, միտված է դեպի դարպասը և խելացի: Հենց այս որակներն էլ սիրում եմ ֆուտբոլիստների մեջ,- հայտնել է «կաչաղակների» գլխավոր մարզիչ Ալան Պարդյուն: