«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարծում է, որ Օլիվյե Ժիրուն ունի կենտրոնական հարձակվողին բնորոշ բոլոր որակները:
Անգլիայի գավաթի 4-րդ փուլի «Բրայթոնի» հետ հանդիպմանը Ժիրուի խփած 2 գնդակները հաղթանակ բերեցին «զինագործներին» և թիմին դուրս բերեցին առաջնության հաջորդ փուլ: Ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացին արդեն 13 գնդակ է խփել:
Ընդհանուր առմամբ, տպավորություն է ստեղծվում, որ Օլիվյեն հարմարվել է անգլիական ֆուտբոլին: Վենգերը նույնպես նկատում է հարձակվողի առաջխաղացումը և նույնիսկ հայտարարում, որ Ժիրուն իր ֆիզիկական տվյալների շնորհիվ կարող էր հանդես գալ Անգլիայում տասնյակ տարիներ առաջ:
-Ժիրուն կարող էր խաղալ Անգլիայում 10-20 տարի առաջ այնպես, ինչպես այսօր: Նա ունի ամեն ինչ կենտրոնական հարձակվողի դիրքում խաղալու համար:
Սովորաբար շուկայում մենք փնտրում ենք այնպիսի խաղացողների, ովքեր անընդհատ շարժվում են, մինչդեռ Օլիվյեն տալիս է մեզ այլ բան: Հավատում եմ, որ Թեո Ուոլկոտն ու նա կկազմեն հարձակողական հիանալի զույգ:
Երբ նա «պայքարի ռեժիմում» է, դժվար է նրան վերահսկել: Նա բարձրահասակ է, ուժեղ և ավելի արագ, քան որոշները կարծում են,- հայտնել է Վենգերը: Goal