Անգլիայի ազգային հավաքականի և «Չելսիի» կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը հայտարարել է, որ չի պատրաստվում ավարտել կարիերան հավաքականում նախքան 2014 թվականի Աշխարհի առաջնությունը:
34-ամյա Լեմպարդն Անգլիայի հավաքականի կարևորագույն խաղացողներից է: Չորեքշաբթի օրն էլ նա հաղթանակ բերեց իր թիմին բրազիլացիների դեմ ընկերական խաղում (2:1) և ընդհանրապես ցուցադրեց շատ որակյալ ֆուտբոլ:
Ըստ Ֆրենկի՝ իր համար կարևոր նպատակ է հանդես գալ 2014 թվականի Աշխարհի առաջնությանը: Իհարկե, դրա համար նա պետք է շարունակի խաղալ բավականին լավ մակարդակի վրա:
-Սա ինձ համար նպատակ է, և ես փորձելու եմ շարունակել խաղալ նույն լավ մակարդակի վրա, որպեսզի հանդես գամ այնտեղ: Ես չեմ ավարտի կարիերաս նախքան այդ պահը:
Բացի այդ, Ռոյ Հոջսոնն այն մարզիչն է, որն ուշադրություն չի դարձնում Ձեր տարիքի վրա, և եթե Դուք պատշաճ ֆուտբոլ եք ցուցադրում, ապա նա անպայման կհրավիրի Ձեզ,- հայտնել է Լեմպարդը: ESPN