«Չելսիի» 34-ամյա կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը իրեն կփորձի նաև որպես մանկական գրող: Նա պատրաստվում է մանկական գրքերի մի ամբողջ շարք գրել:
Ինչպես հաղորդում է BBC-ն, Լեմպարդը, ում պայմանագիրը «Չելսիի» հետ կլրանա ընթացիկ մրցաշրջանի ավարտին, «Ֆրենկիի կախարդական ֆուտբոլը» ընդհանուր վերնագրով 5 գիրք կգրի:
Այդ հետաքրքիր ստեղծագործության գլխավոր հերոսները կլինեն ֆուտբոլ երկրպագող Ֆրենկին և իր ընկերները, ինչպես նաև տղայի հավատարիմ շուն Մաքսը:
Արդեն հայտնի է, որ առաջին գիրքը կկոչվի «Ֆրենկին ընդդեմ ավազակ-պիրատների» և լույս կտեսնի հունիսին: Մինչև տարվա վերջ Լեմպարդը ևս երկուսը կգրի, իսկ մյուս երկուսը՝ 2014թ-ին:
-Առաջին անգամ նման գիրք գրելու մասին միտքը առաջացավ, երբ ես երեխաների համար հեքիաթ էի կարդում: Սպորտը և ընթերցանությունը սմենակարևորներից է մեր տանը,- ասել է Լեմպարդը:
Ավելացնենք, որ Լեմպարդը առաջին ֆուտբոլիստը չէ, ով իրեն փորձում է գրողի դերում: «Արսենալի» հարձակվող Թեո Ուոլկոտը արդեն մի շարք մանկական հեքիաթներ է գրել, իսկ Անգլիայի հավաքականի նախկին մարզիչ Թերրի Վենեյբլսը հայտնի է իր քրեական նովելներով: