«Արսենալի» կիսապաշտպան Ջեկ Ուիլշերը հրաժարվել է «Բավարիայից» կրած պարտության մեղքը բարդել թիմի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի վրա:
Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում երեկ երեկոյան «զինագործները» սեփական հարկի տակ պարտվեցին գերմանական «Բավարիային» 1:3 հաշվով: Ակնհայտ է՝ հաջորդ փուլ դուրս գալու համար «Արսենալը» պետք է հրաշք գործի, կամ ինչպես Արսեն Վենգերն է ասում՝ անհնարինը դարձնի հնարավոր:
Խաղից հետո լրագրողները սկսեցին ակտիվ քննադատել հենց մարզչին, սակայն Ուիլշերը ենթադրում է, որ չարժի պարտության համար մեղադրել ֆրանսիացի մասնագետին:
-Չեմ կարծում, որ սա ինչ-որ կերպ վերաբերվում է մարզչին: Նա մեզ դաշտ է հանում, սակայն խաղում ենք հենց մենք, և կոնկրետ խաղում մասնակցությունը կախված է հենց մեզանից:
Կարծում եմ, որ արդեն ժամանակն է, որպեսզի խաղացողները պատասխանատվություն վերցնեն իրենց վրա: Մարզիչն արդեն 16 տարի այստեղ է և լավ է կատարում իր աշխատանքը,- հայտնել է Ջեկը: Daily Mail