Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Սոլ Քեմպբելը, ով ժամանակին հանդես է եկել «Արսենալում» և «Տոտտենհեմում», հայտնել է ֆուտբոլային կարիերան ավարտելու մասին:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանի ավարտին լրացավ վետերանի պայմանագիրը «Նյուքասլի» հետ: Սոլը այդպես էլ չկարողացավ իր համար նոր ակումբ գտնել և որոշեց մարզակոշիկները կախել մեխից:
-Դա շատ տխուր որոշում էր: Շատ դժվար է հեռանալ, երբ դու երկար տարիներ եղել ես բարձր մակարդակի մարզիկ: Իմ համար դժվար է պատկերացնել, որ այլևս ֆուտբոլ չեմ խաղալու: Ես Պրեմիեր Լիգայի երկու ակումբից առաջարկ ունեի: Սակայն վնասվածքը թույլ չտվեց համաձայնության գալ,- ասել է Քեմպբելը: Sky Sports
Քեմպբելը իր ֆուտբոլային առաջին քայլերը կատարել է «Տոտտենհեմում», որտեղից 2001թ-ին տեղափոխվեց հարևան «Արսենալ»: Սոլը եղել է «անպարտելի» թիմի ֆուտբոլիստ, որը Պրեմիեր Լիգայի 2003/04 մրցաշրջանը անցավ առանց պարտության:
Քեմպբելը Անգլիայի ազգային հավաքականում մասնակցել է 73 հանդիպման: «Արսենալից» հետո նա տեղափոխվեց «Պորտսմուտ», որի հետ նվաճեց Անգլիայի գավաթը: Կարճ ժամանակ հանդես է եկել «Նոտս Քաունթիում», իսկ վերջին ակումբը եղել է «Նյուքասլ Յունայթեդը»: