«Արսենալի» պաշտպան Պեր Մերտեզակերը կարծում է, որ իր խաղընկեր Սանտի Կազորլան «իդեալական ֆուտբոլիստ» է:
Անցած շաբաթ Կազորլան «Աստոն Վիլլայի» հետ բավական ծանր խաղում կարողացավ հաղթանակ պարգևել «Արսենալին»: Դրանից առաջ Սանտին հաղթական գոլի հեղինակ էր դարձել «Սանդերլենդի» հետ խաղում:
Մերտեզակերի կարծիքով իսպանացու հաջող խաղը հենց այն է, ինչի կարիքն ուներ թիմը: Հատկապես այժմ, երբ թիմը դուրս է մնացել Անգլիայի գավաթի խաղարկությունից և գործնականում կորցրել է Չեմպիոնների Լիգայի հաջորդ փուլի ուղեգիրը:
-Միայն տեսեք, թե ինչպես է նա վարպետության շնորհիվ օգտագործում պահերը: Սանտին «իդեալական ֆուտբոլիստ» է:
Գերմանացին նաև իր կարծիքն է հայտնել Պրեմիեր Լիգայի լավագույն քառյակում տեղ գտնելու մասին:
-Մեզ վրա մի փոքր ճնշում կա, սակայն մենք հաջող ենք հանդես գալիս առաջնությունում: «Աստոն Վիլլայի» հետ խաղի արդյունքը մեզ համար շատ կարևոր էր: Մենք ցանկանում ենք տեղ գտնել լավագույն քառյակում: Դա մեր գլխավոր նպատակն է,- ասել է Մերտեզակերը:
Ավելացնենք, որ այս շաբաթ «Արսենալը» ուժերը կչափի «Տոտտենհեմի», իսկ երկու շաբաթ հետո՝ «Էվերթոնի» հետ: