Այսօր երեկոյան «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի ուղեգիրը կվիճարկեն «Մանչեսթեր Յունայթեդը» և Մադրիդի «Ռեալը»:
Թիմիերի առաջին հանդիպումը ավարտվել է 1:1 հաշվով: Այդ խաղում հաշիվը բացեց «մանկունյանցիների» երիտասարդ հարձակվող Դենիել Ուելբեքը, իսկ «արքայական ակումբից» գոլի հեղինակ դարձավ Կրիշտիանու Ռոնալդուն:
Թվում է, թե արտագնա խաղում խփած գոլը առավելություն է տալիս «Յունայթեդին», սակայն երկու թիմերի մարզիչներն էլ հայտնել են, որ թիմերի հնարավորությունները հավասար են:
Չնայած որ «Օլդ Թրաֆորդում» գոլազուրկ խաղը «Յունայթեդին» դուրս կբերի հաջորդ փուլ, սակայն Սէր Ալեքս Ֆերգյուսոնը հայտնել է, որ իրենք հարձակվողական ֆուտբոլ են խաղալու:
Այսօրվա հանդիպումը հատուկ կլինի երկու ֆուտբոլիստների համար: «Յունայթեդի» վետերան Ռայան Գիգգսի համար այս խաղը 1000-րդը կլինի իր կարիերայում, իսկ Կրիշտիանու Ռոնալդուն «Ռեալ» տեղափոխվելուց հետո առաջին անգամ կվերադառնա «Օլդ Թրաֆորդ»:
Ինչ վերաբերվում է թիմերի ելույթներին ներքին առաջնություններում, ապա «Ռեալը» երրորդն է Իսպանիայում և առաջատար «Բարսելոնային» զիջում է 13 միավոր:
«Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորում է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակը և գործնականում անհասանելի է դարձել 2-րդ հորիզոնականում գտնվող «Մանչեսթեր Սիթիի» համար: Ֆերգյուսոնի թիմը հաղթել է վերջին հինգ խաղում՝ ընդհանուր 11:1 հաշվով: Միակ գնդակը բաց են թողել «Սաութհեմպտոնի» հետ տնային խաղում:
Խաղը տեղի կունենա այսօր, Երևանի ժամանակով 23:45-ին:
Մեր կանխատեսումը՝ 2:1