«Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Նանին կարծում է, որ գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը կարող է նորից իրեն վստահել:
Անցած ամառ պորտուգալացին տարաձայնություններ ուներ նոր պայմանագրի շուրջ: Սրան պետք է ավելացնել նաև նրա վնասվածքը, որի պատճառով երկու ամիս բացակայեց: Այդ ժամանակ ֆուտբոլիստը մոտ էր «Օլդ Թրաֆորդից» հեռանալուն:
Մինչդեռ Նանին լուծեց առողջական խնդիրները և շարք վերադարձավ: Նա տեղ գրավեց թիմի հիմնական կազմում և մասնավորապես հենց մեկնարկային րոպեներից դաշտ դուրս եկավ «Ռեալի» հետ խաղում:
-Ցանկանում եմ ապացուցել մարզչին, որ յուրաքանչյուր խաղում նա կարող է վստահել և հույսը դնել ինձ վրա: Ցանկանում եմ ապացուցել նրան, որ իմ ջանքերը կարող են հաղթանակ բերել:
Շարունակում եմ տքնաջան մարզվել, որպեսզի ամեն անգամ, երբ ինձ հնարավորություն տրվի, ես դա օգտագործեմ,- հայտնել է Նանին:
Բացի այդ կիսապաշտպանը նշել է, որ իր ներկայիս մարզավիճակում կարող է դառնալ կարևորագույն տարր իր թիմի համար մրցաշրջանի մնացած հատվածում:
-Իմ ժամանակն է, և կարծում եմ, որ կարող եմ կարևոր դեր ունենալ թիմի համար առաջիկա հանդիպումներում: Ինձ համար ամեն ինչ դեռ առջևում է,- ավելացրել է պորտուգալացին: The Independent