«Մանչեսթեր Սիթիի» տնօրեններից Բրայան Մարվուդը, հայտնել է, որ Կարլոս Տևեսի ապագան ակումբում կորոշվի մրցաշրջանի ավարտից հետո:
29-ամյա արգենտինացու պայմանագիրը ներկայիս ակումբի հետ լրանում է հաջորդ մրցաշրջանի ավարտին: «Քաղաքայինները» չեն թաքցնում, որ ցանկանում են երկարաձգել պայմանագիրը ֆուտբոլիստի հետ, որը վերջին ժամանակներս հիանալի մարզավիճակ է ձեռք բերել:
Սակայն «Սիթին» վստահ չէ, որ Կարլոսը կցանկանա մնալ Անգլիայում, քանի որ նա ցանկություն ունի՝ վերադառնալու Արգենտինա:
-Բոլորը գիտեն, որ Կարլոսը պայմանագրով ունի ընդամենը մեկ տարի, սակայն նա ֆանտաստիկ է գործում «Մանչեսթեր Սիթիում»: Նայեք նրա արդյունավետությանը, աշխատասիրությանը, էներգիային:
Կարծում եմ, որ հիմա նա լավ վայրում է: Ռոբերտո Մանչինին արդեն հարց է բարձրացրել նրա հետ պայմանագիրը երկարացնելու մասին, և ամռանը մենք կշարունակենք երկխոսությունը:
Ոչ մի առաջարկություն չունենք, և Կարլոսը երջանիկ է ակումբում: Բանակցությունները կկայանան մրցաշրջանի ավարտից հետո,- հայտնել է Մարվուդը: Daily Star