«Սուոնսի Սիթիի» կենտրոնական պաշտպան Էշլի Ուիլյամսի գործակալը հայտնել է, որ ուելսցի պաշտպանը այս ամռանը չի պատրաստվում հեռանալ «Լիբերթի» մարզադաշտից:
Ուիլյամսի անունը կապվում է «Լիվերպուլի» հետ, որի ներկայիս մարզիչ Բրենդան Ռոջերսը լավ է ճանաչում ֆուտբոլիստին:
Սակայն ֆուտբոլիստի գործակալ Ջեյմի Մորալին հայտնել է, որ Ուիլյամսը երջանիկ է «Սուոնսիում», որը հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Եվրոպա Լիգայում:
-Ես միայն կարող եմ ասել, որ Ուիլյամսը ցանկություն չունի լքել ակումբը: Մամուլում նրա հետ կապված տարբեր լուրեր են հայտնվել, սակայն դա ոչինչ չի նշանակում:
Էշլին միշտ նվիրված է եղել «Սուոնսիին»: Նա այստեղ է իր ընտանիքի հետ: Մրցաշրջանի մեծ մասը նա եղել է թիմի ավագ և այդ պատասխանատվությունը օգնել է նրան:
Եթե նա գրավել է մեծ ակումբների ուշադրությունը, ապա դա միայն լավ է, որովհետև նա ապացուցում է, որ շարունակում է զարգացնել իր որակները, ինչպես որ «Սուոնսին»,- South Wales Evening Post-ին տված հարցազրույցում ասել է Մորալին: