«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին ընդունել է իր պարտությունը չեմպիոնական մրցավազքում: Միևնույն ժամանակ նա հայտնել է, որ կփորձի այն վերադարձնել հաջորդ մրցաշրջանում:
«Սիթին» այս պահին 15 միավորով հետ է մնում մրցաշարային աղյուսակը գլխավորող «Մանչեսթեր Յունայթեդից»: Գործնականում «քաղաքայինները» հնարավորություն չունեն չեմպիոնական տիտղոսը պահպանելու համար: Երկար ժամանակ Մանչինին չէր ցանկանում համակերպվել պարտության հետ: Այժմ նա հայտնում է, որ իր թիմի գլխավոր առաջադրանքը երկրորդ հորիզոնականը գրավելն է:
-Ամեն ինչ ավարտված է, իհարկե, մինչդեռ դա ոչինչ չի փոխում: Մենք պետք է անենք ամեն հնարավորը մինչև վերջ:
Երբ թոփ ակումբը չի կարողանում տիտղոս նվաճել, ապա պետք է շարունակի լավ հանդես գալ, փորձել հաղթել մնացած խաղերում: Բացի այդ մենք Անգլիայի գավաթի կիսաեզրափակիչ ենք հասել:
«Չելսին» հետ է մնում մեզանից 4 միավորով, «Տոտտենհեմը»՝ 5, և մենք պետք է անցկացնենք ևս 9 հանդիպում: Այդ պատճառով շատ կարևոր է շարունակել տքնաջան աշխատել,- հայտնել է Մանչինին:
Բացի այդ, Ռոբերտոն հերքել է լուրերն այն մասին, թե ինքը բանակցում է «Մոնակոյի» հետ: Նա նաև բացառել է կիսապաշտպան Յայա Տուրեի հեռանալն այս ամռանը:
-«Մոնակոն» ֆրանսիական երկրորդ դիվիզիոնի լավագույն ակումբներից մեկն է, որը գլխավորում է լավ մարզիչ: Մինչդեռ ես երկար ժամանակ կմնամ այստեղ, ինչպես նաև Յայան,- ավելացրել է մասնագետը: