«Նյուքասլ Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալան Պարդյուն հայտնել է, որ Պրեմիեր Լիգայի միջակ ակումբների համար հասանելի չեն անգլիացի ֆուտբոլիստները:
Վերջին մի քանի տարիների ընթացքում «կաչաղակները» մշտապես հրավիրում են ֆրանսիացի ֆուտբոլիստներ, և երկրպագուները հաճախ քննադատում են ղեկավարությանը կազմում տեղացի ֆուտբոլիստների բացակայության համար:
Պարդյուն հասկանում է երկրպագուների դժգոհությունը, սակայն, նրա կարծիքով, եթե Լյուկ Շոուի և Ադամ Լալանայի կարգի ֆուտբոլիստներն արժեն 30 մլն ֆունտ, ապա ավելի լավ է գնել արտասահմանցի ֆուտբոլիստներ:
-Գումարը, որը վճարել են Լյուկ Շոուի և Ադամ Լալանայի համար, կարևոր դեր ունի երկրպագուների համար: Մեզ քննադատում են, որ պայմանագիր չենք ստորագրում անգլիացի ֆուտբոլիստների հետ, սակայն Պրեմիեր Լիգայի միջին ակումբներն չեն կարող դա իրենց թույլ տալ:
Որոշ ժամանակ առաջ մենք հետաքրքրվում էինք մի անգլիացու ծառայություններով, ով հանդես էր գալիս մեր գրանդ ակումբներից մեկում, և մեզ ասացին, որ նրա արժեքը 14 մլն ֆունտ է: Իհարկե, մենք հրաժարվեցինք նրանից: Մենք կարողացել ենք խելամիտ գումարով գնել այնպիսի ֆուտբոլիստների, ինչպիսիք են Յոհան Կաբայեն, Մաթյո Դեբյուշին և Մուսա Սիսոկոն, ովքեր այժմ Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում փայլուն խաղում են աշխարհի առաջնությունում,- ասել է Պարդյուն: Sky Sports