Եվրոպա Լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում «Բենֆիկայից» կրած պարտությունից հետո (3:1) «Նյուքասլի» գլխավոր մարզիչ Ալան Պարդյուն հայտնել է, որ իր թիմը դեռ հնարավորություն ունի՝ դուրս գալու առաջնության հաջորդ փուլ:
«Նյուքասլը» բավականին լավ անցկացրեց առաջին խաղակեսը և բացեց հաշիվը, սակայն արդյունքում պարտված հեռացավ Լիսաբոնից: Այնուամենայնիվ, Պարդյուն հավանել է իր սաների խաղը և չի պատրաստվում հանձնվել:
-«Բենֆիկան ավելի լավ էր հանդես գալիս այսօր, կասկած չկա:
Գոհ եմ մեր խաղից, բայց ոչ արդյունքից: Հավանաբար, դա լավագույնն է ընդգծում իմ զգացմունքները:
Իհարկե, կիսաեզրափակիչ դուրս գալը հնարավոր է, հատկապես եթե «Բենֆիկայի» վրա ճնշում գործադրենք: Պետք է մենք առաջինը գոլ խփենք և կարողանանք խնդիրներ առաջացնել նրանց համար: Մենք այսօր դա ապացուցեցինք,- հայտնել է Պարդյուն: Sky Sports