«Նյուքասլ Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալան Պարդյուն ներողություն է խնդրել շաբաթ օրը կայացած խաղում «Հալլ Սիթիի» կիսապաշտպան Դեյվիդ Մեյլերին հարվածելու համար:
Այս միջադեպը տեղի է ունեցել երկրորդ խաղակեսում, երբ Մեյլերը գնդակով դուրս գալով խաղադաշտից՝ բախվեց Պարդյուի հետ, իսկ վերջինս նյարդայնացավ և հարվածեց իռլանդացուն:
Խաղի գլխավոր մրցավար Քևին ֆրենդը Պարդյուին ուղարկեց տրիբունա, իսկ Մեյլերին պատժեց դեղին քարտով: Խաղից հետո «կաչաղակների» գլխավոր մարզիչը ներողություն խնդրեց:
-Այսօր ամեն ինչ հիանալի էր, բացառությամբ այդ դրվագի: Ես ցանկանում եմ ներողություն խնդրել մեր երկրպագուներից: Դա սխալ քայլ էր իմ կողմից: Ես չպետք է այդպես վարվեի: Ես բոլորից եմ ներողություն խնդրում,- ասել է Պարդյուն: