«Չելսիի» ավագ Սեզար Ասպիլիկուետան լոնդոնյան ակումբում 11 տարի հանդես գալուց հետո տեղափոխվեց Մադրիդի «Ատլետիկո»։
2012 թվականի օգոստոսին «Չելսին» 6,5 միլիոն ֆունտով գնեց Ասպիլիկուետային «Մարսելից»: Դրանից հետո Սեզարը «ազնվականների» կազմում անցկացրել է 508 հանդիպում՝ դառնալով 17 գոլի հեղինակ:
Իսպանացի պաշտպանը, ով ավագի պարտականությունները կատարում է 2019 թվականից, այն քիչ խաղացողներից է, ովքեր հաղթել են Պրեմիեր լիգան, Անգլիայի գավաթը, Լիգայի գավաթը, Չեմպիոնների լիգան, Եվրոպայի սուպերգավաթը և Աշխարհի ակումբային առաջնությունը:
Ասպիլիկուետան «Չելսիի» հետ դարձել է նաև Եվրոպայի լիգայի չեմպիոն, իսկ նրա մասնակցած 13 գավաթային եզրափակիչները համարվում են ակումբային ռեկորդ:
Ասպիլիկուետայի պայմանագրի ժամկետը պետք է ավարտվեր հաջորդ ամառ, սակայն «Չելսին» հաշվի է առել Սեզարի ծառայությունները ակումբին և նրան թույլ է տվել անվճար միանալ «Ատլետիկոյին»:
Հավելենք, որ 33 ամյա իսպանացու պայմանագիրը «Ատլետիկոյի» հետ նախատեսված է մեկ տարով։