«Արսենալի» ղեկավարներն իրենց գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին մոտ 20 մլն ֆունտ կտրամադրեն՝ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կազմն ուժեղացնելու համար:
Այս ամռանը «զինագործները» համալրվեցին նոր ֆուտբոլիստներով՝ ակումբ հրավիրելով Դավիդ Օսպինային, Քալում Չեմբերսին, Մաթյո Դեբյուշիին, Ալեքսիս Սանչեսին և Դենի Ուելբեքին: Տրանսֆերների համար ծախսած գումարով (60մլն ֆունտ) «Արսենալը» Եվրոպայում երկրորդն էր՝ «Մանչեսթեր Յունայթեդից» հետո:
Չնայած դրան, ակումբի բանկային հաշվին բավականաչափ ազատ գումար կա: Դա նշանակում է, որ հաջորդ ամռանը լոնդոնցիները կրկին կարող են տպավորիչ տրանսֆերներ իրականացնել: Սակայն Վենգերն այդ տրանսֆերների մի մասը հունվարին իրականացնելու հնարավորություն կունենա:
Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, ձմռանը Վենգերի տրամադրության տակ կլինի 20 մլն ֆունտ: