Պրեմիեր Լիգայի 17-րդ տուրի կենտրոնական հանդիպումը տեղի կունենա «Էմիրեյթս» մարզադաշտում, ուր միմյանց կհանդիպեն առաջնության ֆավորիտներից «Արսենալը» և «Չելսին»:
Լոնդոնյան այս երկու ակումբներին մրցաշարային աղյուսակում բաժանում է ընդամենը 2 միավոր: Երկար ժամանակ աղյուսակը գլխավորող «Արսենալն» այժմ 35 միավորով զբաղեցնում է երրորդ հորիզոնականը: Արսեն Վենգերի սաները նախորդ տուրում հյուրընկալվելիս 6:3 հաշվով պարտվեցին «Մանչեսթեր Սիթիին»:
Ի տարբերություն «Արսենալի», որը «Սիթիից» բացի Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի վերջին խաղում պարտվեց նաև «Նապոլիին», իր այսօրվա մրցակից «Չելսին» նախորդ տուրում առավելության հասավ «Կրիստալ Փելեսի» նկատմամբ: Անկախ թիմերի մարզավիճակից և կորուստներից, անգլիական այս երկու գրանդների դիմակայությունը միշտ էլ դիտարժան է ստացվում:
Թիմերն ընդհանուր առմամբ հանդիպել են 180 անգամ և առավելությունը «զինագործների» կողմն է, ովքեր հաղթել են 71 խաղում: 52 խաղում գրանցվել է ոչ ոքի և միայն 57 խաղում է ուժեղ գտնվել «Չելսին»:
Խաղը տեղի կունենա այսօր, Երևանի ժամանակով 23:55-ին:
Մեր կանխատեսումը՝ 2:2: