«Արսենալը» դիտարկում է «Կրիստալ Փելեսի» պաշտպան Մարկ Գեհիին ձեռք բերելու տարբերակը:
Վերջին մեկուկես ամսվա ընթացքում «Արսենալը» ստիպված է եղել խաղալ առանց Վիլյամ Սալիբայի, որի կորուստը աղետալի է անդրադառնում «զինագործների» վրա։ Վերջիններս կորցրել են իրենց առաջատարի դիրքը Պրեմիեր լիգայում:
Ըստ Daily Mail-ի՝ 22 ամյա Գեհիի տրանսֆերով «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան կփորձի ուժեղացնել պաշտպանության կենտրոնը:
Գեհին այս մրցաշրջանում «Փելեսի» առանցքային խաղացողներից է և նույնիսկ մի քանի անգամ հասցրել է կրել ավագի թևկապը: Ակնկալվում է, որ «արծիվները» կպահանջեն շատ ավելին, քան 18 միլիոն ֆունտը, որի դիմաց Մարկը տեղափոխվեց «Չելսիից»:
Գեհին գտնվում է նաև «Տոտտենհեմի» ուշադրության կենտրոնում, սակայն «խթանները» դեռևս չեն կողմնորոշվել նոր գլխավոր մարզչի հարցում և, հավանաբար, հաջորդ մրցաշրջանում չեն խաղա Չեմպիոնների լիգայում: