«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը կարծում է, որ մրցաշրջանի մնացած յուրաքանչյուր խաղում իր թիմին լուրջ փորձություն է սպասվում:
Մինչև մրցաշրջանի ավարտը «կարմիրները» դեռ 6 հանդիպում ունեն: Սպասվում է, որ Պրեմիեր Լիգայի չեմպիոնության ճակատագիրը կորոշվի «Լիվերպուլ» – «Մանչեսթեր Սիիթին» և «Լիվերպուլ» – «Չելսի» խաղերում:
Սակայն Ռոջերսը չի առանձնացնում իրենց մրցակիցներին և կարևորում է բոլոր խաղերն էլ: «Վեստ Հեմի» դեմ խաղից առաջ նա օրինակ է բերում իր կյանքից, երբ երեք տարի առաջ բարձրացել էր Կիլիմանջարոն:
-Ես կարող եմ մի ամբողջ օր խոսել «Սիթիի» և «Չելսիի» դեմ խաղերի մասին, սակայն այժմ ամենակարևորը առաջիկա հանդիպումն է: Այժմ մեր ողջ ուշադրությունն ուղղված է «Վեստ Հեմի» դեմ խաղի վրա: Սա շատ կարևոր խաղ է, քանի որ նրանք հաղթել են վերջին 9 խաղերից 6-ում:
Եթե դուք հեռուն եք նայում, ապա ամեն ինչ ավելի բարդ է դառնում: Օրինակ՝ երբ դու լեռ ես բարձրանում, դա կատարում ես մի քանի փուլով: Այդպես էլ մենք բաժանել ենք մրցաշրջանի մնացած հատվածը: «Վեստ Հեմին» անցնելուց հետո կմնա 5 հանդիպում:
Երբ մենք հաղթահարենք առաջին արգելքը, կանցնենք երկրորդին և կմտածենք միայն այն մասին, որն այդ պահին անհրաժեշտ է մեզ: Կարևոր է առաջ գնալ քայլ առ քայլ, խաղ առ խաղ,- Ռոջերսի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը: