Մեկնաբանելով «Ռեդինգի» հետ գոլազուրկ ոչ-ոքին՝ «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը առանձնացրել է մրցակցի դարպասապահ Ալեքս Մակարտիին, ով զարմացրել է իրեն:
Ընթացիկ մրցաշրջանում «Ռեդինգը» համարվում է Պրեմիեր Լիգայում ամենից շատ գոլ բաց թողած թիմը՝ 32 խաղում 63 գնդակ: Սակայն մի քանի ստեղծագործ ֆուտբոլիստներ ունեցող «Լիվերպուլը», այդպես էլ չկարողացավ գրավել «Ռեդինգի» դարպասը՝ շնորհիվ 23-ամյա Մակարտի անձնվեր խաղի:
-Ինձ թվում է՝ սա դարպասապահի լավագույն խաղն էր, որը ես երբևէ տեսել եմ: Իսկ ես բավական շատ խաղեր եմ տեսել:
Լինում են օրեր, որ դարպասապահը մի քանի լավ սեյվ է կատարում, սակայն այսօր մենք տեսանք 14 հիանալի սեյվ: Ես չեմ կասկածում, որ այդպիսի խաղով նա կարող է հանդես գալ Անգլիայի հավաքականում:
Մենք չէինք կարող ավելին անել: Մենք բավարար պահեր ստեղծեցինք, սակայն այդպես էլ չկարողացանք գտնել երիտասարդ անգլիացու դարպասը տանող ճանապարհը: Այսօր ֆուտբոլիստները իրենց ողջ ուժն էին ներդրել,- Ռոջերսի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:
Ավելացնենք, որ «Լիվերպուլի» հետ խաղը Մակարտիի համար նոյեմբերի 4-ից հետո առաջինն էր: