«Լիվերպուլի» հարձակվող Դանիել Սթարիջը երկուշաբթի առավոտյան ներկայացել է Անգլիայի ազգային հավաքական և բուժզննումից հետո նրան տուն են ուղարկել՝ բուժելու գոտկատեղի վնասվածքը: Այս մասին հայտնում է Sky Sports-ը:
23-ամյա Սթարիջը վնասվածք է ստացել երեկ «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղի ժամանակ (2:2), որտեղ Դանիելը խփեց իր թիմի երկու գոլերից մեկը: Այսպիսով, Բրազիլիայի հետ ընկերական խաղից առաջ անգլիացիներն արդեն երեք կորուստ ունեն՝ Սթարիջը, «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մայքլ Կարրիկը և «Տոտտենհեմի» հարձակվող Ջերմեյն Դեֆոն:
Ավելացնենք, որ անգլիացիների գլխավոր մարզիչ Ռոյ Հոդջսոնը դեռ ոչ մեկին լրացուցիչ չի հրավիրել հավաքական, չնայած այժմ նրա տրամադրության տակ են ընդամենը երկու հարձակվող՝ Ուեյն Ռունին և Դենի Ուելբեքը «Մանչեսթեր Յունայթեդից»: Հարձակման սուր գծում ցանկանում է խաղալ նաև Թեո Ուոլկոտը «Արսենալից»: