«Չելսիի» պաշտպան Դավիդ Լուիզը խոստովանել է, որ ընթացիկ մրցաշրջանում իր թիմը չի արդարացնում նախատեսված ակնկալիքները: Միևնույն ժամանակ նա պնդում է, որ «ազնվականները» դեռ կարող են շտկել իրավիճակը:
Ընթացիկ մրցաշրջանի սկզբում «Չելսին» հնարավորություն ուներ՝ հաղթելու միանգամից 7 առաջնությունում, սակայն «ազնվականները» հերթով անհաջողության մատնվեցին: Նախ նրանք պարտվեցին ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթում, այնուհետև դուրս մնացին Չեմպիոնների Լիգայից, Լիգայի գավաթից, ինչպես նաև պարտվեցին Աշխարհի ակումբային առաջնությունում:
Պրեմիեր Լիգայում նույնպես «Չելսին» չի կարողանա տիտղոս նվաճել: Թիմն առավելագույնը կարող է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը: «Ազնվականները» կարող են հաջողության հասնել միայն Եվրոպա Լիգայում և Անգլիայի գավաթում: Լուիզի կարծիքով հենց այս առաջնություններում հաջող հանդես գալը կփրկի ընթացիկ մրցաշրջանը:
-Կարծում եմ, որ մենք չենք արդարացնում այն ակնկալիքները, որոնք դրված են «Չելսիի» վրա: Մենք այնքան էլ լավ հանդես չենք գալիս ընթացիկ մրցաշրջանում: Այնուամենայնիվ, իմ կարծիքով մենք դեռ կարող ենք շտկել իրավիճակը, քանի որ շարունակում ենք հանդես գալ երեք առաջնություններում:
Կարող ենք հաղթել Եվրոպա Լիգայում: Թիմն առաջվա պես հանդես է գալիս Անգլիայի գավաթում և պայքարում է Պրեմիեր Լիգայի լավագույն հորիզոնականների համար: Հետևաբար, մենք հնարավորություն ունենք բարեհաջող ավարտել մրցաշրջանը,- հայտնել է Լուիզը: Daily Mail