«Սանդերլենդի» արդեն նախկին գլխավոր մարզիչ Պաոլո դի Կանիոն հեռացվել է իր պաշտոնից ֆուտբոլիստների դժգոհությունների պատճառով:
Այս ամառ իտալացի մասնագետը փորձում էր «Սթեյդիում օֆ Լայթում» նոր թիմ ստեղծել՝ կատարելով 14 ձեռքբերում: Սակայն «սև կատուների» մեկնարկը նոր մրցաշրջանում չափազանց անհաջող դասավորվեց և 5 տուրից հետո վաստակած 1 միավորով նրանք եզրափակում են մրցաշարային աղյուսակը:
Դի Կանիոյի վերջին խաղը «Սանդերլենդի» ղեկին «Վեստ Բրոմվիչի» դեմ խաղն էր, որտեղ նրանք 0:3 հաշվով պարտություն կրեցին:
Ինչպես հայտնում է The Guardian-ը, «Սանդերլենդի» նախկին ավագ Լի Կատերմոլը՝ ի պատասխան դի Կանիոյի զայրացած մեկնաբանությունների, հայտնել է, որ ինքը և իր թիմակիցները կորցրել էին հավատն իրենց մարզչի անօգուտ մեթոդների հանդեպ:
Ամենայն հավանականությամբ, ֆուտբոլիստների դիրքորոշումը հասել է ակումբի նախագահ Էլլիս Շորտին, ով էլ կայացրել է դի Կանիոյին հեռացնելու որոշումը: Այսպիսով, իտալացին աշխատեց «Սանդերլենդում» ընդամենը կես տարի: