«Աստոն Վիլլան» պատրաստ է Էմերիին տրամադրել մինչև 200 միլիոն ֆունտ՝ այս ամառ թիմն ուժեղացնելու համար:
«Առյուծները» իսկական վերելք են ապրում Ունայ Էմերիի գլխավորությամբ և այժմ Պրեմիեր լիգայում ութերորդն են և հաջորդ մրցաշրջանում եվրոպական մրցաշարի ուղեգիր նվաճելու լավ հնարավորություններ ունեն:
«Վիլլայի» սեփականատերերը նույնքան հավակնոտ են, որքան Էմերին, և հենց իրենց ամբիցիաներն իրականացնելու համար նրանք ակումբ են բերում «Բարսելոնայի» նախկին տնօրեն Մատեու Ալեմանիին:
Էմերին և Ալեմանին առանցքային դեր ունեն թիմի վերափոխման գործում, և դա անելու համար կունենան մինչև 200 միլիոն ֆունտ տրանսֆերային բյուջե, հայտնում է The Sun-ը:
Լիսաբոնի «Սպորտինգի» կիսապաշտպան Մանուել Ուգարտեին և «Ֆուլհեմից» Ժոաու Պալինյան հայտնվել են «Աստոն Վիլլայի» թիրախում: Թուրինի «Յուվենտուսի» հարձակվողներ Դուշան Վլախովիչը և «Բարսելոնայի» հարձակվող Ֆեռան Տոռեսը նույնպես նախկինում կապվում էին բիրմինգհեմյան ակումբ տեղափոխվելու հետ: