«Նոթինգհեմ Ֆորեստը» ձեռք է բերել «Մանչեսթեր Յունայթեդի» եզրային հարձակվող Էնթոնի Էլանգային 15 միլիոն ֆունտով:
21 ամյա Էլանգայի կնքած պայմանագիրը «Ֆորեստի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսը։ Այսպիսով Էլանգան դառնում է երկրորդ նորեկը Սթիվ Կուպերի թիմի համար այս տրանսֆերային պատուհանում:
Էլանգան «Յունայթեդի» համակարգում է 12 տարեկանից՝ անցկացնելով 55 հանդիպում «կարմիր սատանաների» հիմնական թիմում։ Էնթոնին ոչ միայն Պրեմիեր լիգայում, այլև Եվրոպա լիգայի և Չեմպիոնների լիգայում խաղալու փորձ ունի։
Էլանգան հրավիրված է նաև Շվեդիայի ազգային հավաքական, որի կազմում 2022 թվականի մարտին իր նորամուտից հետո անցկացրել է 12 հանդիպում և խփել երեք գոլ։
Անցած մրցաշրջանում Էլանգան Պրեմիեր լիգայի մեկնարկային կազմում անցկացրել է ընդամենը 5 հանդիպում և ոչ մի գոլ չի խփել: Այն բանից հետո, երբ չկարողացավ տպավորել «Յունայթեդի» մարզիչ Էրիկ Տեն Հագին, Էնթոնին հանվեց վաճառքի:
«Սա հաջորդ քայլն է իմ կարիերայում, մեծ քայլ, և ես իսկապես անհամբերությամբ եմ սպասում Սիթի Գրաունդում երկրպագուների առջև խաղալուն: Հետաքրքրություն կար ամբողջ աշխարհից, բայց «Նոթինգհեմ Ֆորեստն» ինձ համար կատարյալ վայր է», – ասել է Էլանգան: