«Արսենալի» հարձակվող Թեո Ուոլկոտը վստահ է, որ չնայած Անգլիայի հավաքականում ստացած վնասվածքի, կմասնակցի «Աստոն Վիլլայի» դեմ Պրեմիեր Լիգայի առաջին տուրի խաղում:
24-ամյա Ուոլկոտին չհաջողվեց շոտլանդացիների հետ ընկերական խաղն ավարտին հասցնել: Թեոն ծնկի հատվածում ցավ զգալու պատճառով փոխարինվեց, սակայն չի կորցնում իր հույսը, որ մինչև Պրեմիեր Լիգայի առաջին տուրի մեկնարկը կվերականգնվի:
-Հույս ունեմ, որ ինձ հետ ամեն ինչ լավ կլինի: Ծունկս մի փոքր այտուցվել էր, և ես ստիպված էի խաղադաշտը լքել: Սակայն ես պատրաստ կլինեմ շաբաթ օրը կայանալիք խաղին,- Ուոլկոտի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:
Բացի այդ, կիսապաշտպանը կիսվեց նաև այս մրցաշրջանի համար իր ակնկալիքներով:
-Բոլորը մի փոքր վախենում են մրցաշրջանի սկզբից, այնպես որ դա ամենակարևոր շրջանն է: Կարծում եմ, որ սա շատ կարևոր տարի կլինի «Արսենալի» համար,- ավելացրել է Ուոլկոտը: