«Արսենալի» ավագ Թոմաս Վերմալենը կարող է դառնալ այս ամռան ընթացքում լոնդոնյան ակումբի լուրջ կորուստներից մեկը:
Արսեն Վենգերի թիմից արդեն հեռացել է հիմնական կազմի աջ պաշտպան Բակարի Սանյան, ով նոր պայմանագրի հարցում չկարողանալով համաձայնության գալ «զինագործների» հետ՝ ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով միացավ գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին»:
Goal պարբերականի տվյալներով, այժմ ակումբից հեռանալու ճանապարհին է 28-ամյա Վերմալենը, ով նախորդ մրցաշրջանում հիմնական կազմում իր տեղի համար պայքարում զիջեց Պեր Մերտեզակերին և Լորան Կոսելնիին:
Հաղորդվում է, որ «Արսենալը» չի կանգնի Թոմասի ճանապարհին և նրան բաց կթողնի 8 մլն ֆունտով: Բելգիացի պաշտպանը Բրազիլիայում ընթացող աշխարհի առաջնությունը կօգտագործի, որպեսզի գրավի պոտենցիալ գնորդներին:
Որոշ լուրերի համաձայն, Վերմալենի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը» և «Նապոլին»: Թոմասին վաճառելուց հետո Արսեն Վենգերը կզբաղվի պաշտպանության կենտրոնի ուժեղացմամբ: