«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի կարծիքով, իր թիմը չի մտնում Չեմպիոնների Լիգայում հաղթողի գլխավոր ֆավորիտների մեջ:
Ընդամենը մի քանի օր առաջ՝ «Ստոկ Սիթիից» կրած պարտությունից հետո, պորտուգալացի մարզիչը հայտնեց, որ իր թիմին չի տեսնում նաև Պրեմիեր Լիգայի չեմպիոնական պայքարի ֆավորիտների շարքում:
-Ես կարծում եմ, որ ընթացիկ մրցաշրջանում մեր թիմի շանսերը համեմատելի չեն այլ ակումբների շանսերի հետ: Կան ակումբներ, որոնք իրենց կայուն խաղի շնորհիվ ֆավորիտներ են:
Մենք հասել ենք 1/8-րդ եզրափակիչ: Եթե հաջողվի հասնել հաջորդ փուլ, ապա հաղթելու շանս կունենանք, քանի որ այդ փուլ հասած յուրաքանչյուր թիմ կարող է չեմպիոն դառնալ:
Ես ֆավորիտ եմ համարում «Բավարիային», որից հետո գալիս են «Բարսելոնան» և «Ռեալը»: Այս երեք ակումբների մակարդակները շատ տարբեր են մյուսներից,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում The Guardian-ը: