Եվրոպա Լիգայի գավաթակիր դառնալուց հետո «Չելսիի» կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը հաստատել է այն տեղեկությունը, որ իրեն խոստացել են նոր պայմանագիր:
Ջոն Թերրիի բացակայությամբ «Բենֆիկայի» հետ հանդիպմանը հենց Լեմպարդն ավագի թևկապով դուրս բերեց թիմակիցներին դաշտ: Այդ խաղում «ազնվականները» միայն ավելացված ժամանակում կարողացան հաղթել: Հաղթական գոլի հեղինակ դարձավ Բրանիսլավ Իվանովիչը:
Խաղից հետո Լեմպարդը հաստատեց, որ ամենայն հավանականությամբ ինքը հաջորդ մրցաշրջանում կմնա «Սթեմֆորդ Բրիջում»:
-Շատ մեծ հույսեր ունեմ, որ հենց այդպես կլինի: Մենք դեռ չենք բանակցել, որպեսզի վերջնականապես ամեն ինչ հարթենք, սակայն հույս ունեմ, և ակումբը կողմ է դրան: Ամեն ինչ լավ է թվում,- հայտնել է Ֆրենկը: ITV