Պրեմիեր Լիգայի 32-րդ տուրի կենտրոնական հանդիպումներից երկրորդը տեղի կունենա Լիվերպուլ քաղաքի «Էնֆիլդ» մարզադաշտում, ուր տեղի «Լիվերպուլը» կհյուրընկալի մայրաքաղաքը ներկայացնող «Տոտտենհեմին»:
«Լիվերպուլը» շարունակում է միավորներ հավաքել, իսկ նրա մրցակիցները շարունակում են միավորներ կորցնել: Երեկ միավոր կորցրեցին «Լիվերպուլի» անմիջական մրցակիցներ «Չելսին», «Մանչեսթեր Սիթին» և «Արսենալը»: Այսօրվա հաղթանակի դեպքում Բրենդան Ռոջերսի սաները դուրս կգան առաջին հորիզոնական:
Սակայն հաղթանակը շատ կարևոր է նաև «Տոտտենհեմի» համար, որը դեռևս լավագույն քառյակում տեղ զբաղեցնելու հույս է պահպանում: Թիմ Շերվուդի սաները 56 միավորով 6-րդն են և հաղթանակի դեպքում 4-րդ հորիզոնականում գտնվող «Արսենալի» նկատմամբ միավորների տարբերությունը կհասցնեն 5-ի:
Ընթացիկ մրցաշրջանում «Տոտտենհեմը» չի կարողանում դիմակայել գրանդ ակումբներին: Լավագույն քառյակի ակումբների հետ «Տոտտենհեմն» ընդհանուր դիմակայության արդյունքն է 23-2, ընդ որում «Լիվերպուլի» դեմ առաջին խաղն ավարտվեց մերսիսայդցիների ջախջախիչ հաղթանակով՝ 0:5:
Թիմերն ընդհանուր առմամբ հանդիպել են 158 անգամ և առավելությունը «Լիվերպուլի» կողմն է, որը հաղթել է 72 անգամ, 39 գրանցվել է ոչ ոքի և 47 խաղում հաղթել է «Տոտտենհեմը»:
Խաղը տեղի կունենա այսօր, Երևանի ժամանակով 19:00-ին:
Մեր կանխատեսումը՝ 3:1: