«Լիվերպուլը» հարցում է արել Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» կենտրոնական պաշտպան Կարլոս Սամբրանոյի տրանսֆերը ձեռք բերելու համար:
Այս ամռանը «կարմիրների» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը փորձելու է ուժեղացնել թիմի պաշտպանական գիծը: Արդեն հայտնի է, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Ջեյմի Կարագերը կավարտի ֆուտբոլային կարիերան: Կասկածներ կան նաև Մարտին Շկրտելի և Սեբաստյան Քոաթեսի վերաբերյալ:
Ավելի վաղ հայտնում էին, որ «Լիվերպուլը» մտադիր է ձեռք բերել «Սուոնսիի» պաշտպան Էշլի Ուիլյամսին: Այժմ հայտնի դարձավ ակումբի ևս մեկ տրանսֆերային նպատակի մասին: Մերսիսայդցիները ցանկանում են ձեռք բերել 23-ամյա Սամբրանոյին:
Ֆուտբոլիստն իր եվրոպական կարիերան սկսել է «Շալկե-04»-ում, որտեղ տեղափոխվել է 16 տարեկան հասակում: 2010 թվականին նա մեկնել է «Սանկտ-Պաուլի», իսկ արդեն անցած ամառ տեղափոխվել «Այնտրախտ»:
-«Լիվերպուլը» հետաքրքրվում է Կարլոս Սամբրանոյի ծառայություններով: Նրանք հարցում են արել, սակայն դեռ իրենց առաջարկը չեն ներկայացրել,- հայտնել է գերմանական ակումբի սպորտային տնօրեն Բրունո Հյուբները: Sky Sports